ՄԱՅՐԵՆԻ

ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ ՏՈՆԸ ՀԱՎՍԱԹԱՂՈՒՄ

 

                                                                Մայրենի լեզու, մայրենի բարբառ,

                                                                Ախորժ, ընտանի իմ հոգու համար,

                                                                Առաջին դու խոսք, ականջիս հասած,

                                                                Դու սիրո քաղցրիկ առաջին հոդված…

                                                                                                                   Ստ. Նազարյան

 

Փետրվարի 21-ին առանձնահատուկ տոն էր Շահումյանի  շրջանի Հավսաթաղի Շ.Սարգսյանի անվան դպրոցում: Հայոց լեզվի ուսուցչուհի Անյուտա Գրիգորյանը կազմակերպել էր մի գեղեցիկ միջոցառում` նվիրված մայրենի լեզվի օրվան:

Միջոցառման ընթացքում աշակերտների կողմից հնչեցին մայրենի լեզվի ճոխությունը գովերգող ասույթներ, բանաստեղծություններ:

Միջոցառումն ավելի բովանդակալից էր մանավարդ այն պահին, երբ բեմադրվեց Ավ.Իսահակյանի <<Ազգային երգ>> ստեղծագործությունը, հատկապես` երբ հնչեց <<Այբ, բեն, գիմ>> հանրաճանաչ երգը: Բեմադրությունը կրկին անգամ  հավաստեց միջոցառման հայրենասիրական ոգին: Աշակերտների ոգևորված ելույթներից հետո հայոց լեզվի ուսուցիչ Անյուտա Գրիգորյանը ասմունքեց Վահագն Դավթյանի <<Ներբող մայրենի լեզվին>> հրաշալի բանաստեղծությունը: Իր ելույթում նա կարևորեց մայրենի լեզվի իմացության դերը հայ ժողովրդի  պայծառ ապագայի կերտման գործում: Աշակերտների ծնողները և գյուղի հասարակությունը խանդավառ ծափողջույններով  իրենց գոհունակությունը հայտնեցին միջոցառման վերաբերյալ: Դպրոցի տնօրեն Աբրահամ Գրիգորյանը շնորհակալության խոսք ասաց միջոցառման կազմակերպիչներին, ևս մեկ անգամ հաստատելով, որ մայրենի լեզվի դերը հայկական կրթօջախում անգնահատելի և անփոխարինելի է: Իսկ ռազմագիտության ուսուցիչ Էդմոնդ Հարությունյանն իր ելույթում  զուգակցեց մայրենի լեզվի, Արցախյան շարժման, ինչպես նաև հայրենասիրական գաղափարների կարևորությունը:

Մայրենի լեզվի տոնը որպես մի գեղեցիկ դրվագ միշտ կմնա Հավսաթաղի հիմնական դպրոցի անձնակազմի հիշողության մեջ:

 

                  Գայանե  ՀԱԿՈԲՅԱՆ

Հավսաթաղի Շ.Սարգսյանի անվան
հիմնական դպրոցի դասվար

ԱՆԱՂԱՐՏ ՊԱՀԵՆՔ ՄԵՐ ՈՍԿԵՂԵՆԻԿ ՄԱՅՐԵՆԻՆ


                                                                Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս, 

                                                                Առնական է, կոպիտ, բայց միևնույն պահին

                                                                Պայծառ է նա, որպես մշտաբորբոք  փարոս

                                                                Վառված հրով անշեջ դարերում հին:

                                                                                                                      Եղիշե  Չարենց      

 

16-դարյա բարձունքից ակնածանքով ենք գլուխ խոնարհում մեր հրաշակերտ ու քաղցրահնչյուն ոսկեղենիկ մայրենիի առաջ: Մայրենի, որ դարերի  քառուղիներով է անցել և դաժան դարերի հորձանուտում մաքառելով վերընձյուղվել, հղկվել ու անաղարտ մեզ է հասել:   

Այսօր այն մեր շուրթերին նոր շունչ ու ոգի է առնում, ծնվում յուրաքանչյուր հայ նորածնի հետ, ըմբոստանում ամեն անգամ, երբ թշնամու է հանդիպում: Հայոց լեզուն չի հանդուրժում դաժանություններն ու կապանքները, սակայն անհրաժեշտության դեպքում չի ընկրկում  և  արժանի հարված է հասցնում հակառակորդին:

Այսօր, պետականորեն մայրենիի տոն հռչակելու փաստը վկայությունն է  այն  բանի, որ մեր լեզվի պաշտպանությունը վերահսկվում է պետության կողմից, ասել է, թե` մայրենին հուսալի ձեռքերում է:

Մենք` հայերս, բազմիցս ապացուցել ենք, որ մեր լեզվի հզոր պաշտպաններն ու հսկիչներն ենք և երբեք չենք թողնի ինչ-որ մեկին՝ հանդգնել ձեռք բարձրացնել մեր քաղցրաբառ մայրենիի խաղաղ անդորրը փոթորկելու նպատակով:

Պաշտպանելով մայրենի լեզուն` ինքներս մեզ ենք պաշտպանում ու մեր երկրի անսասան լինելու  համար ամուր պարիսպ կառուցում:

Ուրեմն` անաղարտ պահենք նախնիներից ժառանգած ու բազում փորձություններով  անցած մեր նվիրական մայրենին և խուսափենք նրա զուլալ ակունքն օտար բառերով  աղավաղելուց:

Համոզված եմ, որ հայոց լեզուն կհարատևի այնքան ժամանակ, ինչքան համայն մարդկությունը` երկրի վրա:

 

     ԼՂՀ  Շահումյանի շրջանի վարչակազմի աշխատակազմի

կրթության բաժին



ՎԱՍՏԱԿ

 

ԼԱՎ ՀԱՄԲԱՎԻ ԵՐԱՇԽԻՔԸ` ԽԵԼՔԸ ԵՎ ՏԱՐԻՔԸ

 

Ամեն ինչ` սեր, հարգանք, ակնածանք, հայրենասեր մորը:

                                                                                                  Գ.Նժդեհ

 

Մեր հրաշք դրախտավայր Լեռնաստանում կրկին գարուն է, կրկին բնության զարթոնք:Եվ գարնանամուտի հետ մենք նշում ենք մեր հոգեհարազատ, պոետական ներշնչանքով լեցուն տոնը` կանանց միջազգային օրը: Սկսվում է միամսյակը: Եվ այս գարնան զարթոնքի մեկ ամսվա յուրաքանչյուր վայրկյանը նայադների նման, սիրո ձայնով նվիրում ենք մեր կանանց: Եվ գարնանային այս հոգեթով տոնին մենք` տղամարդիկս, մեր պարտքն ենք համարում բարեմաղթանքի խոսքեր ասել ոչ միայն մեր սիրելի կանանց, և՛ ընտանիքում, և՛ աշխատավայրում իրենց բարոյական արժանիքները բարձր են պահում և վայելում շրջապատի հարգանքը:

Հայ կնոջ արժանի կերպար է Չարեքտարի միջնակարգ դպրոցի տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը: Ծնվել է 1949թ. փետրվարի 10-ին, քաղաքամայր Երևանում: 1970-1975թթ. ուսանել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի <<Տարրական ուսուցման մեթոդիկա և մանկավարժություն>> մասնագիտության հեռակա բաժնում: 1973թ. աշխատանքի է ընդունվել Երևանի Շահումյանի շրջանի (ներկայումս Մալաթիա-Սեբաստիա համայնք) թիվ 265 մանկապարտեզում` որպես դաստիարակ, իսկ 1991-1999թթ. նույն մանկապարտեզում աշխատել է որպս ավագ մանկավարժ:

Քսան տարուց ավելի աշխատելով մանկապարտեզում, Լ. Հովհաննիսյանը անմնացորդ նվիրվել է մատաղ սերնդի դաստիարակության գործին: 1965 թվականը, փոթորկահույզ Երևանը, Ազգային զարթոնքը խորը տպավորություն էին թողել դեռ քսան տարին չբոլորած աղջկա վրա: Եվ Լ. Հովհաննիսյանը հասկացավ, որ ազգի վաղվա օրը ապահով լինելու միակ երաշխիքն էր հայ երեխայի հայեցի դաստիարակումը: Ուստի, առանց տատանվելու նա ընտրեց այնպիսի մասնագիտություն, որի միջոցով հայ երեխային կդաստիարակեր ազգային ոգով և արժեքներով: Մինչև համազգային զարթոնքը հայկական արժեքները մոռացության էին մատնվել, փոխարենը` սերունդը դաստիարակվում էր բոլշևիկյան շինծու ինտերնացիոնալիզմի գաղափարներով:

65-ից հետո, երբ բացվեց նոր շնչառություն, և, հատկապես, կարևորվեց հայ երեխայի մեջ  հայրենասիրության և հայրենանվիրության գաղափարի սերմանումը, օրակարգային կարևոր խնդիր դարձավ և՛ մանկապարտեզներում, և՛ դպրոցներում` հայրենասիրական դաստիարակությունը: Իսկ  այդ դաստիարակության համար պետք էին նվիրյալներ: Եվ այդ նվիրյալներից էր Լարիսա Հովհաննիսյանը:

Քսան տարուց ավելի նա երեխաների մեջ սերմանել է այն բացարձակ արժեքը, որը կոչվում է հայրենիք: Այսօր սրտի մեծ թրթիռով, հուզմունքով տիկին Հովհաննիսյանը նշում է, որ իր սիրելի փոքրիկներից շատերը հետագայում մեծանալով իրենց նվիրեցին Արցախյան ազատագրական պայքարին, իսկ շատերն էլ զոհվեցին հանուն մեր անխռով ապագայի: Նա հպարտությամբ է ընդգծում, որ իր ցանած սերմերն արժանի պտուղները տվեցին: Այո նոր դաստիարակության ստեղծագործ և փրկարար գործն էր, որ վճռականորեն փոխեց մեր կյանքը և պատմության ընթացքը: Այս գործում իր մեծ լուման ունի նաև Լ. Հովհաննիսյանը:

1999թ. նա ընտանիքով տեղափոխվեց ազատագրված Չարեքտար գյուղը: Արցախ աշխարհին անհրաժեշտ էին փորձառու մանկավարժներ, իրենց աշխատանքին նվիրյալ մտավորականներ, ովքեր բարձր պատասխանատվությամբ կդաստիարակեին ազատ Արցախի ապագա սերնդին: Լ. Հովհաննիսյանն այն մտավորականներից էր, ով թողեց մայրաքաղաքի բարեկեցիկ կյանքը, եկավ Արցախ, ում շուրթերին նժդեհյան պատգամն էր.<<Հայ կինը հայրենասիրության տաճարի սրբազան կրակը անշեջ պահողն է>>:

2008թ. նրա կատարած աշխատանքը ըստ արժանվույն գնահատվեց լեզվի պետական տեսչության կողմից: Մայրենիի  օրվա կապակցությամբ և հայոց լեզվի պահպանման, զարգացման և տարածման գործում ունեցած ավանդի համար տիկին Հովհաննիսյանը պարգևատրվեց լեզվի պետական տեսչության պատվոգրով: Մեկ տարի անց` 2009թ. փորձառու մանկավարժը նշանակվեց Չարեքտարի դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն: Իր այս նշանակմանը տիկին Հովհաննիսյանը մոտեցավ մեծ պատասխանատվությամբ: Նա իր փորձն ու գիտելիքները ներդրեց այս բարդ և պատասխանատու գործում: Մեկ տարվա ընթացքում կատարած աշխատանքը հաշվի առնելով` 2010 թ. նա նշանակվեց նույն դպրոցի տնօրեն և արդեն երկու տարի է, ինչ տիկին Հովհաննիսյանը ղեկավարում է Չարեքտարի ուսուցչական կոլեկտիվը: Բազմավաստակ մանկավարժը ստեղծել է համերաշխ կոլեկտիվ, իսկ դպրոցը դարձել է շրջանի օրինակելի դպրոցներից մեկը: Ճիշտ է, կան դժվարություններ, բայց իսկական մտավորական Լարիսա Հովհաննիսյանի համար աշխատանքային գործունեության համար որևէ դժվարություն խոչընդոտ լինել չի կարող: Նա քաջ գիտակցում է նորանկախ երկրի հնարավորությունը և չի դժգոհում, չի հուսահատվում, այլ իրականությանը մոտենում է ըմբռնումով և նվիրումով կատարում է իր աշխատանքը: Իրենց սիրելի տնօրենի օրինակին հետևում են նաև գործընկերները, որոնց մեջ կան նաև շատ երիտասարդներ, ովքեր  շատ բան են սովորում իրենց բազմափորձ տնօրենից: Եվ այս գեղեցիկ գարնանային տոնի առիթով իր գործընկերների կողմից սիրված ու հարգված մանկավարժին, ամուսնու կողմից սիրված կնոջը, երկու որդիների անուշ ու անգին մորը բարեմաղթանքներ հղելով` ուզում եմ ասել, որ հանձինս Լարիսա Հովհանննիսյանի մատաղ սերնդի դաստիարակությունը  գտնվում է վստահելի ձեռքերում:

Շնորհավորում եմ Լարիսա Հովհաննիսյանին` կանանց միջազգային օրվա կապակցությամբ, և իմ ու <<Նոր Շահումյան>> թերթի աշխատակազմի անունից շնորհակալություն հայտնում  թերթի բաժանորդագրության գործում ցուցաբերած աջակցության համար:

            Արամ ՊԵՏՐՈՍՅԱՆ





полная версия сайта